Քաղաքականություն

Ովքեր են Խորխոռունու սպանության կազմակերպչի հանցակիցները

Mariam Z. 1,068 դիտում
Ովքեր են Խորխոռունու սպանության կազմակերպչի հանցակիցները

Այսօր Քննչական կոմիտեն հայտարարեց, որ 27 տարի առաջվա աղմկահարույց հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է: ՔԿ-ն հայտնում է, որ պարզել է․ «Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն»։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:


Առաջին հայացքից կարող է թվալ, թե նոր քննություն է կատարվել եւ նոր ինֆորմացիա կա մի գործի մասին, որը երկար տարիներ եղել է հանրության ուշադրության կիզակետում: Իրականում ոչ մի նոր բան, ըստ էության չի բացահայտվել: 


Ս. Ա-ն, որը, ըստ ՔԿ-ի, «հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը», ըստ օրաթերթի աղբյուրների, Սասուն Առուշանյանն է, որը Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է եղել։


Իսկ Հ․ Ն-ն՝ Հրանտ Նարիմանյանն է, որն արդեն դատվել է Արմեն Առաքելյանի սպանության համար եւ որի վրա էին փորձում բարդել Խորխոռունու սպանությունը, իսկ Ա. Ա.-ն Արմեն Առաքելյանն էր՝ Նարիմանյանի ծանոթը, «Ույուտ» կոոպերատիվի տնօրենը, որը հետագայում սպանվել է:


Արմեն Առաքելյանի սպանության համար Նարիմանյանը արդեն դատապարտվել է: 


Այսպիսով, ՔԿ-ն ընդամենը օրինականացրել է այն հին, դեռեւս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք կատարված քննության արդյունքները, որը երկար տարիներ կասկածներ էր հարուցում, քանի որ քննության ընթացքում բազմաթիվ հարցերի չէին կարողացել պատասխանել:




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250