
ՌԴ լրագրողների միությունը կոչ է արել միջազգային կազմակերպություններին նպաստել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ազատմանը

Ռուսաստանի լրագրողների միությունը նամակ է հղել միջազգային կազմակերպություններին, լրագրողական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, որում կոչ է արվում նպաստել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների անհապաղ ազատ արձակմանը։
Ռուսաստանի ժուռնալիստների միությունը խորապես մտահոգված է և վճռական բողոք է հայտնում «Սպուտնիկ Ադրբեջան» լրագրողների՝ խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի նկատմամբ շարունակվող կամայականությունների կապակցությամբ: Այս մասին ասված է միության բաց նամակում, որն ուղղված է միջազգային կազմակերպություններին, լրագրողական և իրավապաշտպան ասոցիացիաներին:
Հիշեցնենք՝ Հունիսի 30-ին ադրբեջանցի ուժայինները «գործողություն» են իրականացրել, որի արդյունքում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 7 աշխատակից է ձերբակալվել: Խմբագրությունը խուզարկել են։ Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
«Ադրբեջանական իշխանությունների գործողությունները, այդ թվում` օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապերի վերաբերյալ լրագրողներին առաջադրվող անհիմն մեղադրանքները, Ադրբեջանի միջազգային պարտավորությունների աղաղակող խախտում են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում, ինչպես նաև Մամուլի ազատության սկզբունքներում»,-ասված է նամակում:
Հուլիսի 7-ին Բաքվի դատարանը քննել է լրագրողների փաստաբանների բողոքարկումները խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Սակայն բողոքարկումները մերժվել են, և լրագրողները մնացել են կալանքի տակ։