
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման որոշումը Թրամփի անելիքն է․ Ռուբիո

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումը շարունակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունը մնալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։
«Նախագահը հասկացրել է, որ ինքը նման հնարավորություն ունի ինչպես գործող լիազորությունների շրջանակում, այնպես էլ նոր քայլերի շրջանակում։ Մենք զգուշացրել ենք, որ նման պահ կարող է գալ, և շարունակում ենք դա շեշտել, քանի որ դա համապատասխանում է իրականությանը: Բայց եկել է այդ պահը, թե ոչ, դա նախագահի որոշելիքն է»,- ասել է նա Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք՝ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագծի ընդունման հեռանկարը լիովին կախված կլինի իր որոշումից: Նա հավելել է, որ շատ ուշադիր ուսումնասիրում է այդ օրինագիծը, և նշել, որ այն «տարբերակ է»: «Politico» պարբերականը, հղում անելով Սպիտակ տան և Կոնգրեսի աղբյուրներին, հուլիսի 9-ին հայտնել է, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին՝ պայմանով, որ փաստաթուղթը կներառի պատժամիջոցները չեղարկելու լիազորություններ: