Ավելի լավ է ապրել աղմկոտ ժողովրդավարություն մեջ, քան բռնապետական հետնախորշում․ Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցածին․


«Շատերը հարցնում են` էս ինչ է կատարվում Ազգային ժողովում: Ասեմ` ինչ է կատրվում: Տեռորիստները, որոնք առանց բռնության դուրս են շպրտվել իշխանությունից, ուզում են բռնությամբ վերադառնալ իշխանության, որ նոր բռնություններ ձեռնարկեն:


Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ահաբեկիչների փամփուշտը միայն պաշտոնյաներին պիտի խոցեր, սխալվում է: Այդ փամփուշտը արձակվելու էր իշխանության ուղղությամբ, բայց գնդակահարելու էր բազմաթիվ այլ մարդկանց, այդ թվում՝ գուցե նրանց, ովքեր այսօր ասում են` դե հերիք ա էլի, զզվացրեցիք ձեր կռիվներով: Կհարցնեք` ոնց էր խոցելու ուրիշներին:


Ասեմ. սկզբից զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը: Հետո սադրելու էին պատերազմ ու նորանոր զոհեր: Եվ հայտնի չէ, թե հայ զինվորները ո՞ր ռազմաճակատում էին կռվելու, ու՞մ համար: Հետո վերադառնալու էր նախկին թալանը, բայց նոր թափով, նոր ախորժակով: Ով հասցրել էր մի քիչ ոտքի կանգնել, ծնկի էին բերելու, ունեզրկելու և դարձնելու պանդուխտ: Ով չէր հասցրել ոտքի կանգնել, սպանելու էին կանգնելու հույսը: Ահա թե ինչ էր լինելու, եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր:


Բայց չի հաջողվել, կանխվել է` շնորհիվ մեր իրավապահների: Հիմա, այդ հանցագործներին պետք է պատասխանատվության ենթարկել:


Կներեք, որ այդ պրոցեսը մի քիչ աղմկոտ է: Մեզ էլ հասկացեք` մեր դիմաց ոչ թե քաղաքական գործիչներ են կանգնած, այլ հանցագործ տեռորիստներ:


Ավելի լավ է պետության գործերին խառնվեն նյարդերը, քան փամփուշտները: Եվ ի վերջո` ավելի լավ է ապրել աղմկոտ ժողովրդավարություն մեջ, քան բռնապետական հետնախորշում»։

Քաղաքականություն