Ուկրաինան Ռուսաստանի դեմ ներկայացրել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Զելենսկի

«Ես հենց նոր ստորագրեցի նոր պատժամիջոցների փաթեթ՝ սրանք հատուկ պատժամիջոցներ են, որոնք հարվածել են ռուսական բազմաթիվ ֆինանսական սխեմաների, մասնավորապես՝ կրիպտոարժույթներով հաշվարկներին։ Պատժամիջոցները մտցվել են Ուկրաինայի Ազգային բանկի խնդրանքով»,-ասել է Ուկրաինայի նախագահը։


Նա մանրամասնել է, որ տարեսկզբից պատժամիջոցների ենթարկված ընկերություններից միայն մեկի միջոցով ռուսները փոխանցել են մի քանի միլիարդ դոլար, հիմնականում իրենց ռազմաարդյունաբերական համալիրի կարիքների համար։


«Իհարկե, մենք կդադարեցնենք այս բոլոր սխեմաները։ Հիմա, երբ Ռուսաստանի համար սովորական ֆինանսական ուղիները շատ տեղերում փակ են, նրանք անցնում են կրիպտոարժույթներով հաշվարկներին, ի թիվս այլ բաների»,- հավելել է Զելենսկին։


Պատժամիջոցների ցանկում ներառված են 60 իրավաբանական և 73 ֆիզիկական անձինք՝ բոլորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Ուկրաինան մտադիր է հասնել այս պատժամիջոցների համաժամեցմանը ԵՄ-ի և այլ իրավասությունների ռեժիմների հետ։


«Հաջորդ շաբաթ մենք պատրաստում ենք նոր որոշումներ Եվրամիության պատժամիջոցների համաժամեցման վերաբերյալ. Ռուսաստանի դեմ բոլոր եվրոպական փաթեթները պետք է իրականացվեն Ուկրաինայի իրավասության ներքո», - ասել է Զելենսկին։

Քաղաքականություն