Իրաքում թուրք զինվորականներ են սպանվել

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Իրաքի քարանձավում հինգ թուրք զինվորներ սպանվել են մեթանով թունավորումից: Դեպքը տեղի է ունեցել «Ճանկի կողպեք» գործողության շրջանակներում:


Հայտարարության համաձայն՝ 19 զինծառայողներից բաղկացած խումբը գտնվում էր 852 մետր բարձրությամբ բլրի վրա գտնվող քարանձավում։ Զինծառայողները որոնում էին հետևակի ավագ լեյտենանտ Նուրի Մելիխ Բոզքուրտի մարմինը։


«Քարանձավում աշխատող 19 զինծառայողներ ենթարկվել են մեթան գազի ազդեցությանը։ Նրանց բոլորին արագ տեղափոխել են հիվանդանոց։ Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ հինգին փրկել չի հաջողվել։ Մնացած 14-ը բուժում են ստանում», - ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։


Նշենք, որ Նուրի Մելիխ Բոզքուրտը սպանվել է 2022 թվականին քրդական ուժերի հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Նրա մարմինը դեռևս չի հայտնաբերվել։

Քաղաքականություն