
Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը շահավետ է նաև Բաքվի համար. Պեսկով

Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի զարգացումն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի օգտին է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Մոսկվայի և Բաքվի հակասությունները կարող են վնասել նախագծին:
«Դա շատ կարևոր նախագիծ է, որը համապատասխանում է երկու երկրների շահերին», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններում բոլոր հարցերը կհաջողվի պարզաբանել ուղիղ երկխոսության միջոցով։
Հիշեցնենք` Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են Եկատերինբուրգում մի քանի ադրբեջանցիների ձերբակալությունից հետո, որի ընթացքում երկու մարդ էր մահացել։
Նշենք` Ադրբեջանն իր հերթին 4 ամսով կալանավորել է «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարին և գլխավոր խմբագրին, ինչպես նաև ՌԴ 8 քաղաքացու՝ վերջիններիս մեղադրելով կազմակերպված հանցավոր կազմակերպությանը մասնակցության մեջ։