Ուկրաինական «Միրոտվորեցը» Սարիկ Անդրեասյանին մեղադրանքներ են ներկայացրել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտնվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի բազայում՝ իբր Ուկրաինայի պետական սահմանը խախտելու և Ղրիմում անօրինական գործունեություն ծավալելու համար, պարզել է ՌԻԱ Նովոստին:


Կայքի տեղեկություններով՝ Անդրեասյանը մասնակցել է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի տեղեկատվական սադրանքին»։ Բացի այդ, ռեժիսորը հայտնվել է «Միրոտվորեց» բազայում ՝ Ուկրաինայի սահմաններն իբր գիտակցաբար խախտելու և Ղրիմի տարածքում անօրինական գործունեություն ծավալելու համար:


Անդրեասյանը նկարահանել է Սպիտակի երկրաշարժի մասին «Երկրաշարժ» կինոնկարը, «Չիկատիլո» սերիալը, «Օնեգին» և այլ ֆիլմեր։

Կայքը հայտնի է սկանդալային հրապարակումներով, որոնցում հրապարակում է լրագրողների, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի աշխարհազորայինների և այլ քաղաքացիների տվյալները՝ նրանց անվանելով «հայրենիքի դավաճաններ»: 2016-ի գարնանը հրապարակեց լրագրողների, այդ թվում՝ արտասահմանցիների ցուցակները, որոնք հավատարմագրում էին ստացել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմից՝ նշելով նրանց կոնտակտային տվյալները, որից հետո նրանցից ոմանց հասցեին սպառնալիքներ են հնչել: Այն ժամանակ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հրապարակումն անվանել էր «տագնապալի քայլ, որը կարող է էլ ավելի վտանգել լրագրողների անվտանգությունը»:


«Միրոտվորեց» կայքի սեփականատերերի գործողությունները քննադատել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրապարակումները գնահատելով որպես «լրագրողների նկատմամբ հաշվեհարդարի ուղիղ կոչ»: «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում ներառված են նաև տեղեկություններ մի շարք ռուս մշակութային գործիչների և տարբեր երկրների այլ քաղաքացիների մասին: