
ՌԴ ԱԳՆ-ն՝ ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստերով քրեական գործերի քննության շրջանակներում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալների, որոնք ադրբեջանական ծագումով Ռուսաստանի քաղաքացիներ են, և խուզարկություններ են անցկացրել նրանց տներում։
«Հունիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլկովիխը, որը հրավիրվել էր Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ադրբեջանական կողմին տրամադրել է անհրաժեշտ բացատրությունները և վստահություն հայտնել, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Նշված քրեական գործերով քննչական գործողությունները շարունակվում են», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Զախարովան հավելել է, որ ավելի մանրամասն տեղեկություններ Քննչական կոմիտեն կհրապարակի, հենց որ դրանք հասանելի դառնան։