
Լարսում տոննաներով մրգերը բեռնատարներում փչանում են

Այսօր՝ վաղ առավոտից Լարսի անցակետում մեծ քանակությամբ բեռնատարներով մրգերը, այդ թվում ՝ ծիրանը, փչանում են ռուսական կողմի գործողությունների պատճառով: Լարսի անցակետում մնացած հայ վարորդները ահազանգում են, ովքեր զայրույթն են հայտնել ռուսական կողմի աշխատանքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Վարորդների խոսքով՝ թե՛ Բագրատաշենի անցակետում, թե՛ վրացական անցակետում ոչ մի խնդիր չեն ունեցել, առանց խոչընդոտի հատել են սահմանները, արհեստական ու միտումնավոր խոչընդոտները ստեղծել է միան ռուսական կողմը և արդեն մի քանի օր է՝ Ռուսաստանի մաքսավորների ստեղծած խոչընդոտների հետևանքով բազմաթիվ բեռնատարներում եղած տոննաներով միրգը փչանում է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները նշել են. «Ռուսները ծիրանը հետ են ուղարկում Հայաստան, մեզ օրերով պահում են այստեղ: Մեքենաների դիզվառելիքը վերջացել ա, չեն թողնում մեքենա գա՝ «սալյառկա» լցնի: Անորոշ վիճակ ա: Ասում են՝ հետվերադարձ պիտի արվի, բայց թղթերն էլ չեն տալիս, որ ավտոները հետ գան: Անտեր, անորոշ վճակով կանգնած ենք, մարդ էլ չկա, որ դիմենք»:
Անգամ մեքենաներ կան, որոնց դիզվառելիքը վերջացել է, իսկ այդ դեպքում բեռնատարների սառցախցիկները չեն աշխատում:
Վարորդները նշել են նաև, որ պահանջում են, որպեսզի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջամտի ու ռուսական կողմին պարտավորեցնի, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծեն: