
Չինաստանն արհեստական անձրևներ է ստեղծում

Չինաստանը խստացրել է եղանակի փոփոխման միջոցառումները՝ նպատակ ունենալով ավելացնել տեղումները երկրի հյուսիսային՝ երաշտից տուժած շրջաններում, որտեղ դեռ շարունակվում է ցորենի բերքահավաքը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Չինաստանի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ նախորդ շաբաթ Չինաստանի հացահատիկային գոտում երկար սպասված անձրևներից հետո, իշխանությունները համակարգել են գործողությունները՝ տեղումների արհեստական ավելացման համար։
Միջոցառումները իրականացնում են հատկապես ներքին Մոնղոլիայում, Շենսիում և Շանսիում։
Եղանակի փոփոխման մեթոդներից մեկն ամպերի «ստեղծումն» է՝ հատուկ քիմիական նյութերով, ինչը կարող է իրականացվել թե՛ ցամաքից, թե՛ ինքնաթիռների կամ դրոնների միջոցով։ Այս տեխնոլոգիայի նպատակն է ուժեղացնել անձրևներն ու ձյան տեղումները, ինչպես նաև նվազեցնել կարկուտի վտանգը։
Չինաստանը հայտարարում է, որ ունի աշխարհում ամենախոշոր եղանակի մոդիֆիկացիայի ծրագիրը, և վերջին տարիներին ավելացնում է ներդրումներն այս ոլորտում՝ կապված կլիմայի փոփոխությունների հետևանքով աճող սննդի անվտանգության ռիսկերի հետ։
Հավելենք՝ 2025 թվականին արհեստական տեղումների գեներացման գործողությունների ծավալը աճել է 20%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Թեև կոնկրետ տվյալներ չեն ներկայացվել, նշվում է, որ տեղումների քանակը մոտավորապես մեկ երրորդով ավելացել է։