ՄԻՊ-ն արձագանքել է Սյունիքում ադրբեջանական կրակոցներին

ՀՀ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները մարտահրավեր են մարդու իրավունքների ողջ համակարգի տեսանկյունից, այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր այցելելուց հետո։


«Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,–գրել է Մանասյանը։


Նա նշել է, որ իր այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարդու իրավունքների վիճակին և փաստահավաք աշխատանքներ իրականացնել:


Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ Մանասյանը սահմանամերձ բնակավայրերում հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև շրջայց իրականացրել բնակավայրերում:


«Բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, սեփականության, կրթության, զբաղվածության և հիմնարար այլ իրավունքների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման անհրաժեշտության, որոշ տների գազաֆիկացման, հանրային տրանսպորտի բացակայության, բանկոմատների բացակայության պատճառով անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու, շտապօգնության ծառայության հասանելիության հետ կապված խնդիրներ և այլ հարցեր»,– նշում է ՄԻՊ–ը։


Մանասյանն արձանագրել է, որ սահմանային անվտանգության հետ կապված իրողությունների պայմաններում բնակիչների համար դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու և իրենց ընտանիքների կենսական կարիքները հոգալու հնարավորությունը։


Ընդգծվել է, որ երկու գյուղերում էլ կա գյուղամիջյան ճանապարհների շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն: Մարդիկ հատուկ կարևորել են զբաղվածության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը միտված այլ հարցերի լուծումը:


ՀՀ ՄԻՊ–ը կատարված բոլոր արձանագրումները, այդ թվում` իրեն խորհրդապահական կարգով փոխանցված տեղեկությունները, կհասցեավորի ըստ իրավասության։