«Վհուկների որս» եք իրականացնում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դատավճիռն անվանել է «Վհուկների որս», այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցիալական ցանցում։


«Մարին Լը Պենի դեմ վհուկների որսը ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են եվրոպական ձախերն օրենքն օգտագործում որպես զենք՝ լռեցնելու ազատ խոսքը և գրաքննության ենթարկելու իրենց քաղաքական ընդդիմախոսին՝ այս անգամ այնքան հեռուն գնալով, որ ընդդիմախոսին բանտ են նստեցնում», - գրել է նա:


ԱՄՆ նախագահը  այս քայլերը որակել է, որպես քաղաքական հետապնդում՝ նշելով, որ  նախկինում ինքը նույնպես ենթարկվել է քաղաքական հետապնդումների։


«Ես ծանոթ չեմ Մարին Լը Պենի հետ, բայց գնահատում եմ այն, թե որքան շատ է նա աշխատել այսքան տարի: Նա պարտություններ է կրել, բայց շարունակել է առաջ գնալ, իսկ հիմա, հենց այն բանից առաջ, ինչը կարող էր մեծ հաղթանակ դառնալ, նրան բռնում են աննշան մեղադրանքով, որի մասին նա, հավանաբար, ոչինչ չգիտեր. ըստ իս՝ դա «հաշվապահական» սխալ է եղել։ Այս ամենը շատ վատ է Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի հրաշալի ժողովրդի համար՝ անկախ նրանից, թե ում կողմից են նրանք։ Ազատեք Մարին Լը Պենին», - հավելել է ԱՄՆ նախագահը


Հավելենք, որ Լը Պենը քննադատել է դատարանի որոշումը, որով նա նաև դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ երկուսը, հնարավոր է, տնային կալանքի տեսքով։ Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 100 000 եվրոյով։


Հիշեցնենք, որ Փարիզի դատարանը Մարին լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները վատնելու համար: