Փաշինյանը հանդիպել է Արաղչիի հետ. ինչ է քննարկվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետըն Արաղչիին մաղթել է հաջողություններ նոր պաշտոնում և միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում ՀՀ-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար:


Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է և դրա կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ կողմերը կարողացել են ձևավորել փոխադարձ վստահություն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք և երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար:


Արաղչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները:


Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները խարսխված են պատմական տնտեսական և մշակութային հարաբերությունների վրա: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը:


Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսության, այդ թվում՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:


Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը: Միաժամանակ, Իրանի ԱԳ նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը:


Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

Քաղաքականություն