Արփի Դավոյանը քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է։ Այս մասին հայտնել ՝ «Ժողովուրդ» օրաթերթը։


Օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն այն մասին, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչական բաժնում անգամ հարցաքննվել է: Թերթը փորձել է պարզել` ինչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը, ինչ կարգավիճակ ունի և ինչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով:


Հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։


Վերջինը դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։


«Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում: Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերևս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Կամ դա կլինի այն ժամանակ, երբ Արփի Դավոյանը դուրս գա խմբակցությունից»,– նշված է հրապարակման մեջ:



Քաղաքականություն