
Ինչ առաջարկ է արել ԱՄՆ-ն Ուկրաինային

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը համատեղ հայտարարություն են տարածել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երեկվա զրույցի վերաբերյալ:
Ըստ հայտարարության՝ առաջնորդները պայմանավորվել են, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն կշարունակեն աշխատել միասին՝ պատերազմին իսկապես վերջ դնելու համար:
Բացի այդ, Թրամփն մանրամասն տեղեկացրել է Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի և քննարկված առանցքային հարցերի մասին։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են էներգետիկայի մասով զինադադարի մասին։ Տեխնիկական խմբերը մոտ օրերս կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու հրադադարի ռեժիմը մինչև Սև ծով երկարաձգելու հարցը։ Նրանք համաձայնել են, որ սա կարող է լինել պատերազմի ամբողջական ավարտի և անվտանգության ապահովման առաջին քայլը», - ասվում է հայտարարությունում։
Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մատակարարման և ատոմակայանների հարցերը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն կարող է մեծ օգնություն ցուցաբերել այս կայանների կառավարման գործում՝ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների ոլորտում իր փորձով:
«Այս կայանների՝ ԱՄՆ-ի սեփականություն դառնալը լավագույն պաշտպանությունը կլինի տվյալ ենթակառուցվածքի համար և աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին», - ասվում է հայտարարությունում։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին հումանիտար հարցերով համար, ներառյալ ռազմագերիների փոխանակումը: Նա նշել է, որ նոր հաջող փոխանակում է տեղի ունեցել, և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին ղեկավարության համար։ Թրամփը նաև հետաքրքրվել է պատերազմի ժամանակ Ուկրաինայում անհետ կորած երեխաների, այդ թվում՝ առևանգվածների մասին։ Թրամփը խոստացել է սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ օգնելու ապահովել այս երեխաների վերադարձը տուն:
Նրանք համաձայնել են, որ բոլոր կողմերը պետք է շարունակեն ջանքերը՝ հրադադարի հասնելու համար։ Նախագահներն ընդգծել են, որ ապագա հանդիպումներում թիմերը կարող են պայմանավորվել կայուն խաղաղության և անվտանգության ուղղությամբ շարժվելու բոլոր անհրաժեշտ ասպեկտների շուրջ։