Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ հաղորդագրություններին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից վերջին օրերին տարածվող կեղծ հաղորդագրությունների վերաբերյալ, թե իբր հայկական զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է«Արմենպրես»-ը։ 


«Ս/թ մարտի 16–ից 18-ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրեւ թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ եւ ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։ 


Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռեւս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչեւ օրս դրական չի արձագանքել։ ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը  պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ 


Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը եւ տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարեւորագույն քայլ է եւ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։


Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը եւ մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաեւ, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արեւմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ, հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ եւ Հայաստանի Հանրապետության հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ 


Միեւնույն ժամանակ վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն»։