Ուկրաինան պատրաստ է գնալ այդ քայլերին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է իր Telegram ալիքում։


Զրույցի ընթացքում Զելենսկին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել Սուրբ Աթոռին աղոթքների, ուկրաինացի ժողովրդին բարոյական աջակցության և Ռուսաստանի կողմից արտաքսված երեխաների վերադարձի հարցում օգնության համար։


Ինչպես նշել է Զելենսկին, Ուկրաինան Վատիկանին է փոխանցել «ռուսական բանտերում և ճամբարներում պահվող քաղաքացիների ցուցակը»։ Զելենսկին հույս է հայտնել, որ Սուրբ Աթոռը կաջակցի նրանց ազատ արձակման հարցում։


Նա ընդգծել է, որ գերիների փոխանակումը և 30-օրյա հրադադարը առաջին քայլերն են «արդար և կայուն խաղաղության» հասնելու համար։


«Ուկրաինան պատրաստ է գնալ այդ քայլերին, քանի որ մեր ժողովուրդը բոլորից ավելի խաղաղություն է ուզում։ Բայց Ռուսաստանը միտումնավոր պայմաններ է առաջադրում, որոնք միայն բարդացնում են գործընթացը, քանի որ հենց Ռուսաստանն է շահագրգռված պատերազմը շարունակելու և դիվանագիտությունը խաթարելու մեջ»,- ասել է Զելենսկին։


Մարտի 14-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ երկրում ռազմական դրությունը չի հանվի, եթե 30-օրյա զինադադար ձեռք բերվի։ Ընտրություններ, ըստ նրա, նույնպես առայժմ չեն կայանա։

Քաղաքականություն