
Հայաստանում ռուսաստանցի է ձերբակալվել պատերազմից խուսափելու համար

ՌԴ քաղաքացի Նիկոլայ Զոնովը, ով 2023 թվականին լքել է Ռուսաստանի Դաշնությունը, բերման է ենթարկվել Երևանում։ Ռուսաստանցու կինը՝ Արևիկ Զոնովան, «Նովայա գազետա Եվրոպա»-ին պատմել է, որ Ռուսաստանում իր ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «զորահավաքի կամ ռազմական դրության ժամանակ ծառայության չներկայանալու համար»։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել։ Զոնովի ձերբակալության մասին տեղեկություն է հրապարակվել նաև նրա Instagram-ում, գրում է Meduza-ն։
Զոնովը բերման է ենթարկվել մարտի 12-ին՝ Հայաստանի քաղաքացիության համար փաստաթղթեր ներկայացնելու ժամանակ։ Հենց այդ ժամանակ նա իմացել է, որ Ռուսաստանում իր դեմ քրեական գործ է հարուցվել։ Ռուսաստանցին այժմ գտնվում է կալանավայրում։ Առաջիկա օրերին տեղի կունենա դատավարություն, որտեղ որոշում կկայացվի նրան Ռուսաստան արտաքսելու մասին։
Զոնովը Կիրովի շրջանի խոհարար է։ Ըստ նրա կնոջ՝ 2023 թվականի աշնանը «ծանուցագիր են դրել իր փոստարկղում», որից հետո նա տեղափոխվել է Հայաստան և այլևս չի վերադարձել Ռուսաստան։ Տեղափոխվելուց մեկ տարի անց նա հրավեր է ստացել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ երկրի քաղաքացու հետ ամուսնության և մեկ տարի Հայաստանում ապրելու հիման վրա։
«Նա նույնիսկ չի իմացել, որ իր նկատմամբ որևէ գործ է հարուցվել, և չի թաքնվել քննությունից։ Այժմ նա վախենում է Ռուսաստանում հաշվեհարդարից և քրեական հետապնդումից: Նա չի ցանկանում վերադառնալ, քանի որ դեմ է ռազմական գործողություններին և չի կարող կռվել, քանի որ կարծում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը մեկ ազգ են»,- ասել է Արևիկ Զոնովան։
Վկայակոչելով փաստաբաններին՝ նա նաև հայտնել է, որ իր ամուսնուն կա՛մ կարող են ազատ արձակել, կա՛մ արտաքսել Ռուսաստան: Զոնովան ենթադրում է, որ իր ամուսինը կարող է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանում։
«Արտերկրում քաղաքական ակտիվիստներին օգնելու մեջ մասնագիտացած իրավաբանների կարծիքով՝ ռուսաստանցիներին ներքին անձնագրով հասանելի երկրների թվում Հայաստանն ամենաապահովն է, քանի որ Ռուսաստանի Դաշնություն արտահանձնման ռիսկերը ցածր են։ Սակայն վտանգ կա, որ պատերազմից խուսափած ՌԴ քաղաքացին կարող է ձերբակալվել ռուսական անվտանգության ուժերի կողմից։ Այսպես, 2023 թվականի դեկտեմբերին Գյումրիում բերման է ենթարկվել մոբիլիզացված Դմիտրի Սետրակովը։ Նրան սկզբում պահել են ռազմաբազայի տարածքում, ապա ուղարկել Ռուսաստան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անօրինական է անվանել Ռուսաստանի անվտանգության ուժերի գործողությունները երկրի տարածքում»,– գրել է Meduza–ն։