
Սկզբից ջուր են խնդրել, հետո ատրճանակով սպառնացել և գումար գողացել. մանրամասներ

ՆԳՆ-ից հայտնել են, որ փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 04:19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։
«Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22։30-ի սահմաններում, իրեն անծանոթ երկու տղամարդ թակել են տան պատուհանը, ջուր խնդրել իրենց մեքենայի համար, մոտ հինգ րոպե հետո վերադարձել են, կրկին թակել պատուհանը և իրենից գումար պահանջել:
Ինքը հրաժարվել է գումար տալուց՝ պատճառաբանելով, որ մոտը գումար չկա, գումարը էլեկտրոնային դրամապանակում է և պետք է սպասել մինչ առավոտ:
Սակայն նրանցից մեկը հագուստի տակից ատրճանակի նմանվող առարկա է պահել իր ուղղությամբ և ասել, որ եթե գումարը չտա, ապա կսպանեն: Դրանից հետո ինքը իր պայուսակի միջից հանել է 10 հազար դոլար ու տվել նրանց, ինչից հետո նրանք հեռացել են։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,- նշված է հայտարարության մեջ։