Որքան մարդ է տուժել առատ ձյան պատճառով

Փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9-ից մինչև փետրվարի 21–ը՝ առավոտյան ժամը 9-ը, այսինքն՝ 24 ժամվա ընթացքում, Երևանի շտապօգնության ծառայությունն ընդհանուր առմամբ ստացել է 831 կանչ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց «Շտապօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։


«Կարելի է ասել՝ մենք ամեն օր ունենում ենք վթարների, վրաերթի կանչ, ու այս 7 դեպքը չի համարվում շատ մեծ թիվ։ Նախորդ տարիների համեմատ այս ծավալի ձյան պայմաններում երեկ և այսօր կանչերի թիվը համեմատաբար քիչ է եղել։ Հնարավոր է՝ նաև այնպես լինի, որ ոչ բոլորն են շտապօգնություն կանչում․հնարավոր է՝ վթարների դեպքերը շատ են, ու մարդիկ իրենց միջոցներով են տեղափոխել հիվնդանոց։ Իմ նշած տվյալները նրանք էին, որոնք պատահարից հետո դիմել են շտապօգնություն»,- ասաց Գրիգորյանը։


Շտապօգնության տնօրենը մանրամասնեց, որ երեկ միայն մեկ դեպք են ունեցել, երբ իրենց մեքենան շտապ կանչով տեղ չի հասել։ Նրա խոսքով՝ գլխացավի կանչ է եղել, սակայն իրենց աշխատակիցները զանգել, զգուշացրել են, որ այդ կանչի վայրը՝ Նոր Նորքը, այդ պահին շատ վտանգավոր է` բուժառուին խորհուրդ տալով ցավազրկող խմել։ Այս հորդորին, Գրիգորյանի հավաստիացմամբ,ըմբռնումով են մոտեցել և հրաժարվել են այդ կանչից։


Նա անդրասդարձավ նաև համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ մարդիկ հրելով տեղաշարժում էին շտապօգնության մեքենան։ Շատերը մեկնաբանություններում գրում էին, որ մեքենան ամառային անվադողերով էր։


«Պատասխանատու ձևով վստահեցնում եմ,՝ Երևանում չկան շտապօգնության այնպիսի մեքենաներ, որոնց անվադողերը լինեն ամառային կամ համասեզոնային․բոլորը սահմանված ժակետում ու նույնիսկ ավելի շուտ փոխարինվել են ձմեռային անվադողերով, ու դրանք բոլորը եղել են նոր։ Նախորդ տարվա անվադողերը մենք չենք գործածում։ Ի դեպ, ՀՀ կառավարության որոշմամբ կան նոմեր, ըստ որոնց՝ շտապօգնության մեքենան տարեկան որոշակի կիլոմետր պետք է քշի, որից հետո պետք է փոխել անվադողերը։ Մենք ամեն տարի պարտադիր ձմեռային նոր անվադողեր ենք առնում՝ անկախ նրանից, թե նախորդ տարվանն ինչ վիճակում է։ Մեր աշխատանքը մարդկանց կյանքի հետ է կապված, հետևաբար՝ ամեն ինչ պատասխանատու ձևով պետք է անենք»,- վստահեցրեց Գրիգորյանը։


Նա տեղեկացրեց, որ փետրվարի 20–ին նմանատիպ 15 նման դեպք են ունեցել, երբ քաղաքացիները հրելով տեղից շարժել են շտապօգնության մեքենան։ Ինչ վերաբերում է համացանցում տարածված դեպքին, ապա, ըստ նրա՝ այդ մեքենան կանչի մեջ չի եղել, տեխսպասարկման էր գնացել։ Ճանապարհը սառած է եղել, մեքենայի մեջ գտնվող շտապօգնության այլ աշխատակիցներն իջել, օգնել են, ու խնդիրը լուծվել է։


«Այստեղ արտասովոր որևէ բան չի եղել․ եթե ամառային անվադողերով լինեին, ապա, ի թիվս այլոց, պատասխանատվության պետք է ենթարկվեի նաև ես»,- հայտարարեց Գրիգորյանը։


Նրա խոսքով՝ ինչ հնարավոր է` արել են, որ շտապօգնության աշխատանքն անխափան լինի։ Այսօր էլ առավոտյան շատ վաղ են գնացել աշխատանքի, ենթակայաններում ստուգել են բոլոր մեքենաների տեխնիկական վիճակը։


Auroranews-ին «Շտապօգնություն»-ից նաև հայտնեցին, որ երեկվա տվյալներով կա 6 վթար, 5 տուժած, 3 վրաերթ, 3 տուժած:

Քաղաքականություն