![Դա բոյկոտ անվանելն էլ կոռեկտ չեմ համարում․ Գրիգորյան](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-11/67ab471713751.webp)
Դա բոյկոտ անվանելն էլ կոռեկտ չեմ համարում․ Գրիգորյան
![Դա բոյկոտ անվանելն էլ կոռեկտ չեմ համարում․ Գրիգորյան](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-11/67ab471713751.webp)
Նման թեմայով ստորագրահավաք իրականցնելը քաղաքական անպատասխանատվության հերթական դրսևորումն է։ Այս մասին ասել է Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք քաղաքային իշխանությունը ստորագրահավաքի արդյունքների հիման վրա կգնար զիջումների, եթե պահանջն ավելի հստակ ձևակերպված լիներ։
«Ես վստահ եմ, որ երբ ցանկացած հասարակությունում հարց է տրվում՝ կող՞մ եք, որ ինչ–որ բան թանկանա, թե դեմ եք, մարդիկ միշտ կողմ են նրան, որ չթանկանա։
Քիչ առաջ կրկին դիտել եմ Հայկ Մարությանի 2018 թվականի տեսանյութը, որտեղ նա ասում էր՝ այն ժամանակ թանկացումն օբյեկտիվ չէր, հիմա օբյեկտիվ չէ, եթե չթանկանա։
2018 թվականին դեռ ոչ մի որ ավտոբուս չէր բերվել, նույն գազելների ժամանակ ասում էր 2013 օբյեկտիվ չէր թանկացումը, 2018–ին օբյոկտիվ ա, որովհետև 5 տարվա մեջ ամեն ինչ թանկացել ա։ Երբ մենք հիմա ասում ենք՝ նոր շարժակազմ ենք բերել, ծախսերն ավելացել են, վարորդների աշխատավարձի խնդիր կա, ասում են՝ թանկացումն անհիմն է»,– նշել է Սուրեն Գրիգորյանը։
Նա նաև նշեց, որ Հայկ Մարությանն առաջարկում էր հանրային տրանսպորտի թանկացման հարցը հանրաքվեի դնել, սակայն ակնհայտ է, որ նման հարցերն այդ տարբերակով չեն քննարկվում, քանի որ մարդիկ միշտ դեմ են ցանկացած ապրանքի կամ ծառայության թանկացմանը։
Պատասանելով լրագրողի հարցին, ի՞նչ հրահանգ է տրվել վարորդներին, որ հաճախ վերջիններս ագրեսիվ վարք են դրսևորում և վիճաբանում բոյկոտին մասնակցող քաղաքացիների հետ, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.
«Միակողմանի եք ներկայացնում, տպավորություն է, թե մարդիկ ամեն ինչ ցիվիլ են անուն, վարորդներն էլ առանց պատճառի նյարդայնանում են։ Եթե մարդն օրինակ ուղևորին ասում է՝ սահմանված ուղեվարձը պետք է վճարել, նա էլ վերցնում է մուրճն ու ապակին ջարդում, դա չի տեղավորվում բոյկոտի մեջ։ Ես ընդհանրապես դա բոյկոտ անվանելն էլ կոռեկտ չեմ համարում։ 2013 թվականին մարդիկ իրենց անձնական մեքենաներով էին տեղափոխում մարդկանց և բոյոկտում էին հանրային տրանսպորտի թանկացումը, չէին օգտվում տրանսպորտից։ Հիմա ինչ–որ կիսատ բոյկոտ է, ասում են՝ մենք կօգտվենք, բայց մեր պատկերացրած ձևով։ Ես ավելի շատ տեսնում եմ մարդկանց, ովքեր առիթից օգտվելով փորձում են քիչ վճարել կամ չվճարել, քան քաղաքական դիրքորոշում արտահայտողների»։