Հիմքեր կան մտածելու, որ Ադրբեջանը նման մտադրություն ունի․ Փաշինյան
Հայաստանը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, եթե Երևանն ու Բաքուն նույն նպատակի համար են դա անում՝ խաղաղության հաստատման ու ամրապնդման համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Երևանի դիրքորոշումն այն է, որ եթե չկա կոնֆլիկտ, ապա ո՞րն է կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը։ Սակայն Հայաստանն ուզում է համոզվել, որ Ադրբեջանի համար ևս այս գործողությունը նույն բովանդակությունն ունի։ Սակայն եթե Ադրբեջանի մղումն է Մինսկի խումբը լուծարել և նոր կոնֆլիկտ սկսել Հայաստանի դեմ՝ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով, ապա, իհարկե, Երևանը դեմ է։
«Եթե դա նշանակում է խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք Մինսկի խումբը, բայց եթե ֆորմատն Ադրբեջանին ինչ-որ ձևով խանգարում է, որ ինքը կոնֆլիկտ ստեղծի, ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը, այսինքն՝ եթե լուծարումն Ադրբեջանի համար նշանակում է կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքային նոր պահանջներ ձևավորելու և խորացնելու համար, ապա ինչու՞ անել դա»,- նշում է Փաշինյանը։
Փաշինյանը նաև հայտարարեց՝ հիմքեր կան մտածելու, որ Ադրբեջանը նման մտադրություն ունի։
«Հենց «Արևտմյան Ադրբեջան» խոսույթը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է», - նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ դա ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։