Փաշինյանը հայտնեց՝ ինչ են առաջարկել Ադրբեջանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված կետերը։ Այս մասին ասուլիսին ասաց վարչապետը՝ հավելելով, որ Երևանն առաջարկել է լուծումներ երկուսի ուղղությամբ էլ:
Չհամաձայնեցված կետերից մեկը երրորդ երկրների ուժերի ներկայցուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն է վերաբերում: Այս պարագայում Երևանն առաջարկում է դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ:
Երկրորդ կետը միջազգային ատյաններից իրավական հայցերի հետ կանչելուն է առնչվում:
«Որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել: Գաղափարը հետևյալն է, որ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մենք մի հայց հետ կանչեցինք, Ադրբեջանն էլ հետ կանչեց, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին, և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս շաբաթ հայտարարել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ՝ Երևանից պահանջելով առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի իր էքսկլավ Նախիջևան:
«Մենք կոնկրետ առաջարկ ենք արել Ադրեջանին, լուծում ենք առաջարկել, որով առաջարկում ենք, որ Ադրբեջանի արևտյան շրջաններից լինի երկաթուղայի բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակը, բայց նույն սկզբունքով Երասխից Մեղրի: Առաջինը պարզ է՝ Հայաստանի տարածքով», - Ալիևին այսպես արձագանքեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սպասում են Բաքվի դրական պատասխանին, ավելին՝ Փաշինյանն ասաց՝ չի պատկերացնում, թե ինչու պետք է այս առաջարկը մերժեն:
«Ինչ լուծում էլ լինի, իրենք իրենց ձևով են անվանելու, մենք՝ մեր ձևով, բայց բովանդակությունն է կարևոր, և այն բովանդակությունը, որը առաջարկել ենք, մեզ համար բացարձակապես ընդունելի որևէ բան չկա և լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որոնք Ադրբեջանն է բարձրացնում», - նշեց նա:
«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով», - հայտարարեց Փաշինյանը: