Դա ուղիղ ճանապարհ է դեպի միջուկային պատերազմ․ Վոլոդին
Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստումը ուղիղ ճանապարհ է դեպի միջուկային պատերազմ։ Այս մասին գրել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և կոչ արել մանրակրկիտ հետաքննել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հայտարարությունները, թե ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նա նշել է, որ այն, ինչ ասել է Թաքեր Կարլսոնը, պետք է լուրջ ընդունել։
«Երեկ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը պատմել է, որ Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել Պուտինին»։ Դա առաջարկել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Թաքեր Կարլսոնի բարձրաձայնածը պետք է մանրակրկիտ հետաքննվի, իսկ Բայդենն ու Բլինքենը պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Վոլոդինը։
Նա նշել է․ «Բերեմ մի քանի փաստ. նախապատրաստություն է տարվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վրա հարձակմանը, որից հաջողվել է խուսափել, մահափորձ է կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ, մահափորձ է կատարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նրա ընտրարշավի ընթացքում։ Այս ամենը մեկ շղթայի օղակներ են»։
Վոլոդինը նաև ընդգծել է, որ նման հայտարարությունների ի հայտ գալուց արդեն մեկ օր է անցել, սակայն «բոլորը լռում են»․ «Ոչ Բայդենը, ոչ Բլինքենը չեն հերքել հնչեցվածը»։
Պետդումայի խոսնակը նշել է, որ Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստումը ուղիղ ճանապարհ է դեպի միջուկային պատերազմ։
«Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելը, դրա քննարկումն ինքնին հանցագործություն է։ Գլոբալ անվտանգության լրջագույն սպառնալիք։ Ուղիղ ճանապարհ դեպի միջուկային պատերազմ»,- նշել է Վոլոդինը և հավելել, որ բոլոր միջազգային ինստիտուտների համար դա պետք է հիմք հանդիսանա դատավարության համար։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտնել է՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձել է սպանել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին: