Իհարկե. ԱԳ փոխնախարարը` ռուս սահմանապահների հեռանալու մասին
ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմի ժամանումը Հայաստան վերաբերում է ՀՀ սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներիԼ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Վերջինս նշել է, որ հայկական կողմն այս թեմայով քննարկում է ունեցել Իրանի հետ, որևէ մտահոգություն արտահայտված չէ։
«Չեմ տեսնում որևէ հարց, որ իրանական կողմի հետ չհասնենք համաձայնության, մեր հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում»,- ասել է ԱԳ փոխնախարարը։
«Պետք է վերջապես ինքներս վերահսկենք մեր սահմանը»,- հավելել է նա։
Հարցին՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններից հնարավո՞ր է, որ ռուս սահմանապահները դուրս գան՝ ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը»։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները։