Սոցցանցերում հափշտակել են շուրջ 810 մլն դրամ. ՔԿ-ն մանրամասնում է

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:


Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ, հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները և դրամական փոխանցումներ կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, պոլիգրաֆ սարքով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տվել են կեղծանուններ և հերթական համարներ, հրահանգավորել են հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:


Այսպիսով, հանցավոր կազմակերպության անդամները կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ կատարել են համակարգչային հափշտակություններ:


Կազմակերպության անդամները տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո վերջիններիս ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:


Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները ստացել են օտարերկրացի 1,404 տուժողի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:


Հանցավոր կազմակերպության 1 ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը), 1 այլ ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 16 անդամի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը):


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: