Ժողովուրդ ջան, չփրկվեցինք ու պետք չէ փրկիչներ ման գալ․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին, ասաց, որ այդ «փաստաթղթով փրկիչներ չենք գտել»։


Նախարարի խոսքով` այս փաստաթղթի ստորագրման արդյունքում մանիպուլյացիոն գործընթացներ եղան, որոնք սովորական աչքի համար միգուցե տեսանելի չեղան։


«Մի խումբ մարդիկ ասացին` փրկվեցինք, վերջ։ Ժողովուրդ ջան, չփրկվեցինք ու ընդհանրապես պետք չէ փրկիչներ ման գալ։ Ինչպես առաջ պետք չէր փրկիչներ ման գալ հյուսիսում, այնպես էլ հիմա պետք չէ փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում կամ որևէ տեղ։ Եթե մենք փրկվելու ձև ունենք, մենք ինքներս այնպես պետք է անենք, որ և փրկվենք, և զարգանանք, և ամրանանք»,– ասաց Միրզոյանը։


Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն ԱՄՆ հետ տարիներ շարունակ ռազմավարական երկխոսություն ձևաչափ է ունեցել, որն իրականացվել է համապատասխան հանձնաժողովի միջոցով։ Ըստ նրա` ՀՀ իշխանությունները միշտ ասել են, որ այդ հարաբերությունները բարձրացնելու են մեկ մակարդակ ավելի` ռազմավարական գործընկերության, որի մասին էլ հենց ԱՄՆ հետ ստորագրված վերջին փաստաթուղթն է։


Միրզոյանի խոսքով` մարդկանց մյուս խումբն էլ ասում է, որ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթուղթը ռազմական դաշինք է, որն ընդհանրապես այդպես չէ։


Ըստ նրա՝ ամենատարօրինակը մյուս խումբ մարդիկ են, որ ասում են` Թեհրանն ու Մոսկվան մեզ սրա համար պատժելու են։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:


Մանրամասները՝ տեսանյութում։ 


Քաղաքականություն