Հայաստանում դիտվում է ՍՇՎ-ների բարձր ակտիվություն. շրջանառվում է նաև խոզի գրիպը
2025 թվականի 3-րդ շաբաթվա (13.01-19.01.2025) ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է ՍՇՎ-ներով պայմնավորված ինտենսիվության բարձր ակտիվություն։ Նշված ժամանակահատվածում ՀՀ-ում դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում հայտնաբերվել են Գրիպ Ա տեսակի H1pdm09 (2009 թվականի խոզի գրիպի համավարակի հարուցիչը - խմբ) ենթատեսակի հարուցիչներ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Նշված ժամանակահատվածում ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.2 անգամ, իսկ 2024թ-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա։ Ընդհանուր դեպքերի 70․6%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։
2025թ-ի հունվարի 20-ի դրությամբ ՀՀ բժշկական կազմակերպություններ ՍՇՎ-ներով հոսպիտալացված են 826 պացիենտ, որոնց 92%-ը կազմում են 0-18 տարեկանները, թոքաբորբով հոսպիտալացված են 551 պացիենտ, որոնց 61․1%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով, ծանր սուր շնչառական վարակներով բուժում են ստանում 62 պացիենտ, որից 46-ը՝ 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է վերակենդանացման բաժանմունքում ընդհանուր հոսպիտալացումների՝ 74․1%-ը։
Հոկտեմբերի 1-ից մինչ հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածում այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են՝ 82 ռինովիրուսի, 7 ադենովիրուսի, 18 ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, 12 պարագրիպի, 9 բոկավիրուսի , 20 կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ :
Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է 454599 դեպք (հ.ց. ըստ 100.000 բն.՝ 15363.3), որից՝ 444925 (97.9%) անձ առողջացել է, 9530 դեպքում (հ.ց. ըստ 100.000 բն.՝ 322.1) արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը 2020-2024 թվականներին կազմում է 2.1%, իսկ 2025թ.-ի հունվարի 20-ի դրությամբ՝ 0.5%:
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 37 դեպք (հ.ց. 1.3 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (35 դեպք, հ.ց. 1.2 դեպք ըստ 100.000 բնակչության) աճել է 2 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 3.7 անգամ:
Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 14 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (23 դեպք) նվազել է 9 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 4.3 անգամ:
Հունվարի 20-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ ստացիոնար բուժում իրականացնող «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում հոսպիտալացված է ընդհանուր թվով 2 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացված հիվանդներ չկան:
ՀՀ-ում ներկայումս շարունակում են շրջանառվել Օմիկրոնի ենթատեսակները:
Նշենք, որ հարևան Վրաստանում հայտնել են «խոզի գրիպից» մահվան դեպքերի մասին։