ՃՏՊ–ների թիվը էականորեն կրճատվել է․ ՆԳ նախարար
Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ՃՏՊ–ների, այնպես էլ դրանց հետևանքով մահացածների ու տուժածների թիվը։ Այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 299-ով նվազում, զոհերի թիվը պակասել է 45-ով, իսկ տուժածներինը` 421-ով։ ՃՏՊ–ների մասով ՀՀ–ում իրավիճակն ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ մեծ գործոն ունի թե՛ վարորդների մոտ եղած անվտանգային մշակույթը, թե՛ ոստիկանության աշխատանքի ավելի ինտենսիվացումը և տրանսպորտային միջոցների զգալի աճը, որ մենք նկատում ենք ամեն տարի»,– նշել է Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ եթե 2024 թվականին շուրջ 924 000 տրանսպորտային միջոցի պարագայում X քանակի զոհեր և վիրավորներ են եղել, ապա սա 13%–ով քիչ է, քան 2015 թվականին արձանագրված զոհերի քանակը։ Այդ ժամանակ ՀՀ–ում եղել է 560 000 տրանսպորտային միջոց։