Հասարակություն

Հայաստանում փոխվում են օտարերկրյա որդեգրման կանոնները

Հայաստանում փոխվում են օտարերկրյա որդեգրման կանոնները

Իրավական ակտերի նախագծերի միասնական պորտալում հրապարակվել է որոշման նախագիծ, որով Հայաստանում նախատեսվում է սահմանել օտարերկրյա որդեգրման ոլորտում գործող արտերկրի հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացման, վերահսկման, կասեցման ու դադարեցման կարգը։


Նոր կարգավորումը տարածվելու է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային մասնակցող պետությունների հավատարմագրված կազմակերպությունների, ինչպես նաև նրանց հայաստանյան ներկայացուցչությունների ու ներկայացուցիչների վրա։


Հայաստանի տարածքում գործունեություն ծավալելու նպատակով կազմակերպությունը պետք է ավտորիզացիա ստանա կենտրոնական մարմնից։ Դրա համար պահանջվելու են փաստաթղթեր հավատարմագրման, փորձառության, աշխատակազմի մասնագիտական որակավորման, նախատեսվող գործունեության, մատուցվող ծառայությունների, դրանց վճարների ու այլ ծախսերի վերաբերյալ։


Կազմակերպության, նրա ներկայացուցչի և ներկայացուցչության աշխատակիցների մասին տվյալները փոխանցվելու են ՆԳՆ ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ հնարավոր խախտումներն ու որդեգրման ոլորտում գործելու խոչընդոտները ստուգելու նպատակով։


Ներկայացված դիմումը քննարկվելու է նաև արդարադատության նախարարի հրամանով ձևավորվող աշխատանքային խմբում։ Այդ խումբը եզրակացություն է տալու կազմակերպության ավտորիզացման, ինչպես նաև նրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեությանը համաձայնություն տրամադրելու կամ այն մերժելու վերաբերյալ։


Ավտորիզացիան տրամադրվելու է 3 տարի ժամկետով, սակայն այն չի կարող գերազանցել օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված հավատարմագրման ժամկետը։


Ավտորիզացված կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների ու ներկայացուցչությունների կոնտակտային տվյալները տեղադրվելու են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։


Կազմակերպությունները պարտավորվելու են յուրաքանչյուր տարվա ավարտից հետո հաշվետվություն ներկայացնել իրենց գործունեության, մատուցված ծառայությունների, վճարումների և կատարված ծախսերի մասին։ Բացի այդ, առանձին հաշվետվություն՝ կատարված աշխատանքների ու փոխանցված գումարների վերաբերյալ, ներկայացվելու է յուրաքանչյուր որդեգրման գործընթացի ավարտից հետո։


Որդեգրումից հետո 3 տարվա ընթացքում կազմակերպությունը, նրա ներկայացուցչությունը կամ ներկայացուցիչը ամեն տարի կենտրոնական մարմնին պետք է զեկույց փոխանցի որդեգրված երեխայի հետորդեգրման վիճակի մասին։


Ներկայացված հաշվետվությունները ուսումնասիրելու են նաև ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը՝ ստուգելու համար կազմակերպության գործունեության համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանն ու միջազգային կոնվենցիային, այդ թվում՝ իրականացված ծախսերի հիմնավորվածությունը։


Խախտումներ արձանագրվելու դեպքում կազմակերպության ավտորիզացումը կարող է կասեցվել։ Եթե կասեցման պատճառ դարձած խախտումները 6 ամսվա ընթացքում չվերացվեն, ավտորիզացումը ենթակա է դադարեցման։


Ավտորիզացիայի կասեցում կարող է տեղի ունենալ նաև ռազմական դրության, պատերազմի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում։


Նախագծով արդարադատության նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում հաստատել համապատասխան աշխատանքային խմբի կազմն ու աշխատակարգը։


Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250