ԵՄ–ին Հայաստանի ձգտումը նման է «Տիտանիկի» տոմս գնելուն. ՌԴ փոխվարչապետ
Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին դնում է ընտրության առաջ, օրենսդրական նախաձեռնության հեղինակները կարող էին դրանում անմիջապես լրացնել ԵԱՏՄ-ից դուրս գալու հոդված, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է РИА Новости–ն:
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են: Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Հնարավոր չէ պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի կմիավորվեն: Հետևաբար, «ԵՄ մտնելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը դիտարկվում է Հայաստանի Հանրապետությունում, այս երկրին դնում է ընտրության առաջ»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա ընդգծել է, որ եթե ԵԱՏՄ–ի հետ Երևանի հարաբերությունները դադարեն, ապա Հայաստանում կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 80%-ով։
«Այսպիսով, հասարակ մարդիկ կկորցնեն իրենց եկամուտը, աշխատանքը, ավելի շատ կվճարեն ամենակարևոր բաների համար, դրա դիմաց, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ (եվրոպական երկրների հետ), իսկ Հայաստանը կստանա դեպոպուլյացիա։ Այժմ գնալով ավելի պարզ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, և հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում է Եվրամիությունը, ԵՄ-ին միանալը կարելի է համեմատել «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ», - եզրափակել է Օվերչուկը:
Նա նաև հավելել է, որ եթե օրինագիծը մշակողները ազնիվ լինեին թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՏՄ մյուս երկրների հետ, կարող էին անմիջապես նախագիծը լրացնել ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու հոդվածով։
«Դե, եթե հարցը այսպես չի դրված, նշանակում է, որ այս օրինագծի հեղինակներն իրենք էլ տեղյակ են մեր Միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին»,- եզրափակեց Օվերչուկը։
Հինգշաբթի Հայաստանի կառավարությունը պաշտպանեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությունը՝ սկսելու Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, որը կքննարկի խորհրդարանը։