Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը՝ ի պատասխան «Ազատության» հարցման:
«Ազատությունը» անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ պատրա՞ստ է հրապարակել մինչև իր պաշտոնավորումը և նաև իր պաշտոնավարման ընթացքում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող պաշտոնական փաստաղթղթերը, որպեսզի հանրությունը առանց քաղաքական շահարկումների, կոնկրետ փաստերի հետ ծանոթանալով ինքը հետևություններ անի։
Այդպիսի կոչով հանդես էին եկել հանրային տարբեր գործիչներ։ Նիկոլ Փաշինյանին նման կոչով դիմել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
««Ազատության» հարցման պատասխանում վարչապետ Փաշինյանը միաժամանակ հորդորում է հենց նախկին նախագահներին հրապարակել այդ փաստաթղթերը. «Ակնհայտ է, որ երեք նախագահները իրենց ձեռքի տակ ունեն բանակցային բոլոր փաստաթղթերը, և եթե դրանցում կա իրենց ընթացիկ պնդումները հիմնավորող որևէ փաստ, անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում։ Վարչապետ Փաշինյանը տարբեր ժամանակներում ունեցած իր հրապարակային ելույթներոմ բանավոր կերպով հրապարակել է բանակցային գործընթացի առանցքային դրվագները»»,– գրում է լրատվամիջոցը։