Գերմանիային երեք անգամ զգուշացվել է հնարավոր ահաբեկչության մասին
Գերմանական Der Spiegel ամսագիրը հաղորդում է Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից Սաուդյան Արաբիայի իշխանություններից ստացված երեք նախազգուշացումների մասին՝ կապված Մագդեբուրգի սուրբծննդյան շուկայում ահաբեկչություն իրականացրած Թալեբ Ա. -ի հետ:
Այս նախազգուշացումների բովանդակությունը չի հրապարակվում: Բացի այդ, 2023 թվականի դեկտեմբերին Սաքսոնիա-Անհալթի քրեական գործերով գերատեսչությունը Թալեբ Ա. -ի վերաբերյալ դիմում էր ստացել՝ կապված սոցիալական ցանցերում նրա հրապարակումների հետ, որտեղ նա սպառնալիքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին՝ դրանք կապելով սաուդցի փախստականների ենթադրյալ հետապնդման հետ։ Սակայն այդ հաղորդագրությունների վերլուծությունից հետո գերատեսչության աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ իրական սպառնալիք չկա։
Սաուդյան Արաբիայի 50-ամյա քաղաքացի Թալեբ Ա. -ն, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում՝ կացության իրավունքով և փախստականի կարգավիճակով (ստացել է 2016 թվականին), բժիշկ է աշխատել Բերնբուրգում: Ըստ Der Spiegel-ի՝ նա ազդեցիկ դեմք էր Գերմանիայի Սաուդյան սփյուռքում և բացահայտ համակրում էր աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը՝ նույնիսկ պլանավորելով «նախկին մահմեդականների ակադեմիա» ստեղծելու համատեղ նախագիծ: Չնայած սոցիալական ցանցերում բռնության բազմաթիվ սպառնալիքներին, իրավապահ մարմինները համարժեք միջոցներ չեն ձեռնարկել:
Նախօրեին Մագդեբուրգում BMW X3 ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել Է սուրբծննդյան տոնավաճառի այցելուների մեջ։ Վրաերթի հետևանքով հինգ մարդ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, տասնյակ մարդիկ տուժել են: