Հայաստանը ռուսական էներգակիրներին շահավետ փոխարինող չունի. ռուս քաղաքագետ
Ռուս քաղաքագետ Վլադիմիր Ավատկովի համոզմամբ՝ ներկա դրությամբ Հայաստանը չունի ռուսական էներգակիրներին փոխարինող շահավետ այլընտրանք:
Հուլիսի 4-ին Երևանում կայացած «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը» խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը փորձագետը նշեց, որ Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգության ապահովման առաջնահերթությունները ակնհայտ են բոլոր պետությունների համար: «Այստեղ սկզբունքորեն կարևոր է հասկանալ, որ որքան էլ Եվրամիությունը և Արևմուտքի երկրները փորձեն փոխարինել Ռուսաստանին, նրանց դա չի հաջողվում նույնիսկ իրենց ներքաղաքական իրավիճակի շրջանակներում», - հայտարարել է Ավատկովը։
Վլադիմիր Ավատկովի խոսքով Թուրքիան, օրինակ, միայն 10%-ով կարող է ապահովել իրեն էներգառեսուրսներով, նա դրանք ձեռք է բերում այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Ենթադրել, թե Հայաստանի հետ հարաբերությունների դրական զարգացման, սահմանների բացման դեպքում Թուրքիան կկարողանա Հայաստանն ապահովել էներգառեսուրսներով, գործնականում անհնար է։ Եթե դա լինի էլ, ապա լինելու է ռուսական գինը մի քանի անգամ գերազանցող:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որն օժտված է էներգակիրներով, ապա, նախ, պետք է հասկանալ, որ նրա պաշարները սպառվում են։ Երկրորդ՝ նա ունի դաշնակցային պարտավորություններ պայմանագրային կոնտրակտների շրջանակներում, որոնք, ակնհայտորեն, չի խախտի հանուն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման։ Եվ եթե նույնիսկ նման մատակարարումներ լինեն, ապա գինն ակնհայտորեն ցածր չի լինի ռուսականից»,- ասել է ռուս փորձագետը։