ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կտրուկ գործողություններ կլինեն. հայկական ֆուտբոլում իրավիճակը սրվում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրեթե ամբողջապես ձախողել է ֆուտբոլի զարգացման 2019-2025 թթ․ ռազմավարությունը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՖԱՖ (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ) ֆան-ակումբի անդամ Երվանդ Իսմաիլյանը։


«Այս թիմը սահմանել է անիրականանալի նպատակներ և ինքն իր նպատակներին չի հասել։ 2019թ․ ընդունված ռազմավարությունը ոսկե սարերի ռազմավարություն էր, իսկ իրականությունը՝ լրիվ այլ»,- նշել է նա։


Նաև ռազմավարության մեջ սահմանվել էր մասսայական և սիրողական ֆուտբոլում ներգրավված մարդկանց թվաքանակը հասցնել 80 հազարի։ Իսմաիլյանն օրինակ է բերում. եթե նախկինում ամեն կիրակի ֆուտբոլասերներով հավաքվում էին և 11/11-ի դեմ ֆուտբոլ խաղում, դա մատչելի էր և հասանելի, ապա այսօր ընդամենը մի քանի մարզադաշտեր կան, որոնք հնարավոր է վարձակալել մի քանի ժամով 100 հազար և ավելի դրամով և ֆուտբոլ խաղալ։ Ֆուտբոլային այս հաճույքը ոչ բոլորի գրպանին է հասանելի։


ՀՖՖ ռազմավարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ ինչև 2025 թվականը պետք է ապահովել ազգային հավաքականի մասնակցությունը Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին։


ՖԱՖ անդամը նշում է՝ ցավոք, ազգային հավաքականն իր ցուցադրած խաղով այսօր շատ հեռու է դրանից։


Հայաստանի առաջնությունում արդար կամ պայմանավորված խաղի հետ կապված խնդիրներ էլ կան, որոնք այդպես էլ լուծում չեն ստացել։


«Շատ են շրջանառվող լուրերը, և նրանք, ովքեր քիչ թե շատ հետևում են տեղական խաղերին, կասեն սա։ Սա գալիս է նրանից, որ ժամանակին ի հայտ եկած խնդիրների դեպքում և՛ ֆեդերացիան, և՛ ֆուտբոլային հանրությունը պատշաճ արձագանք չեն տվել, խնդիրները մնում են»,- ասել է Իսմաիլյանը։


Ձախողվել է նաև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը։


«Մանկապատանեկան ֆուտբոլը պետք է համաչափ զարգանար ամբողջ երկրում, մինչդեռ այսօր ստեղծված է իրավիճակ, երբ տարբեր մարզերում որոշ համայնքների երեխաներ ընդհանրապես հնարավորություն չունեն ֆուտբոլով զբաղվելու»,- նշել է նա։


Մինչև 2025 թվականը ՀՀ մարզերում պետք է տեղադրվեին արհեստական խոտածածկով 300 հատ փոքր դաշտ մասսայական և սիրողական ֆուտբոլի համար։ Իսմաիլյանը շեշտում է՝ այս կետն իրականացվել է 50 տոկոսից էլ քիչ, քանի որ նման մարզադաշտերի թիվն այսօր 129-ն է։



Քաղաքականություն