Մեթյու Միլլերը խոսել է Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ճեպազրույցում պատասխանելով հայ լրագրող Հայկարամ Նահապետյանի՝ Ադրբեջանում բանտերում բանտարկված հայ զինվորների և քաղաքական գործիչների ճակատագրի մասին հարցին ասել է` 


«Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող բանտարկյալների կարգավիճակին, առանց որևէ կոնկրետ դեպքի մասին խոսելու, մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին՝ հարգել իր երկրում գտնվող մարդկանց իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում՝ բանտարկյալների: Դուք տեսել եք, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի հարգում իր երկրի ներսում բոլոր անձանց մարդու հիմնարար իրավունքները, և մենք շարունակելու ենք վարել այդ քաղաքականությունը»,-հայտարարել է նա։


ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիա կատարած այցի ընթացքում քննարկել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը։ Միլլերը ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների շուրջ ԱՄՆ կանոնավոր կերպով շփվում է երկու երկրների պաշտոնյաների հետ։

Քաղաքականություն