Այս աշխատանքը պետք է իրականացնենք մինչև նոր տարի. Ավինյան
Ոչ հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածում, երթուղիներում նախատեսված պլանային քանակի համաձայն, շահագործվել է 693 շարժակազմ, պլանային քանակը կատարվել է 100%-ով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ը տնօրեն Սարգիս Բեջանյանը։
«Այդ ընթացքում քաղաքային էլեկտրատրանսպորտ ծառայությունից օգտվել է 376,224 ուղևոր, նրանցից 24,188-ը վճարումը կատարել է վալիդատորի վավերացնող սարքի միջոցով, ընդհանուր 6,64 տոկոսը»,- նշեց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքելով նշեց. «Իրականում այս տոկոսի հետ կապված խնդիրը մեծ է և ինչքան մոտենում է հունվարի 1-ը, անցումը պետք է հնարավորինս ավելի մեղմ իրականացնենք, հետևապես էլի առաջարկներ եմ ակնկալում, որոնք կտրվեն համապատասխան վարչության, փոխքաղաքապետի և ՓԲԸ-ների կողմից, որովհետև նույնիսկ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի 36%-ը դեռևս բավարար ցուցանիշ չէ 100%-ին անցնելու համար: 0-ից այս 36%-ին մենք եկել ենք մի երկու շաբաթվա ընթացքում նվազագույնը, պարոն Բեջանյանի մոտ շատ ավելի ցածր է ցուցանիշը: Ե՛վ շուտ, և՛ քանակապես շատ պետք է կարողանանք այս անցումը գրագետ ապահովենք, որովհետև մեծ քանակի մարդիկ անցում են կատարելու ամբողջապես նոր համակարգի: Խոսքն այն մասին է, որ 6%-ն օգտվում է այս համակարգից, 94%-ը դեռ ևս պարզ կոպեկով է օգտվում, և այս 94%-ը պետք է 100%-ով անցում կատարի նոր համակարգի: Մետրոպոլիտենում անցում ենք արել, արդեն 100%-ն են օգտվում համակարգից, բայց այնտեղ որոշ տուրբուլենտ դժվարություններով հասանք դրան: Բայց այնուամենայնիվ այնտեղ ունենք անցարգելներ, որոնք այլընտրանք ուղղակի թույլ չեն տալիս: Մենք ունենք մոտավորապես 15 օր այս աշխատանքն իրականացնելու համար, այս աշխատանքը պետք է իրականացնենք մինչև նոր տարի»: