
Աղազարյանն՝ իր մանդատը վայր դնելու և հրաժարականների շարքի մասին

Ազգային ժողովի մամուլի քարտուղարը հաղորդագրություն է տարածել, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. անձամբ ես որևէ բան չգիտեմ, չեմ ստացել որեւէ նման ազդակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով իր՝ մանդատը վայր դնելու լուրերը:
«Ուղղակի հիշեցնում եմ ձեզ, որ հայտնի լսումների հետ կապված գոյություն ունի և՛ քրեական վարույթ իրավապահ մարմինների դաշտում, և՛ ներկուսակցական վարույթ, որը ընթացքի մեջ է, այդքան բան: Ազգային ժողովի մամուլի քարտուղարը պաշտոնական ինստիտուտ է և այդ մասին հայտարարել է։ Ես խնդրում եմ, որ դա դուք հաշվի առնեք»,-ասել է պատգամավորը:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում փաստը, որ մեկ գիշերվա մեջ այդքան մեծ թվով պաշտոնյաներ հրաժարական են տվել, Աղազարյանը պատասխանել է. «Ես այդ մասին չեմ խոսի, որովհետև ես չգիտեմ այդ ամեն ինչը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Ես ընդամենը լրատվամիջոցներից եմ տեղեկացել, ասում են, գրում են: Եթե ինչ-որ բան պարզվի, ինչ-որ բան իմանամ, հաճույքով կկիսվեմ ձեզ հետ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս հայտնել է իր հրաժարականի մասին։
Ըստ մամուլի տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել․ աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։