Քաղաքականություն

Իշխանությունը «Մայր Հայաստան»-ի մասով պլան ունի. ի՞նչ են քննարկում. «Ժողովուրդ»

Իշխանությունը «Մայր Հայաստան»-ի մասով պլան ունի. ի՞նչ են քննարկում. «Ժողովուրդ»

Հունիսի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի վերջին նիստը վերածվեց ծեծկռտուքի՝ հայտնվելով հանրային ուշադրության կենտրոնում։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունում համոզված են, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միտումնավոր է սրել իրավիճակը և բախումները տեղափոխել միջանցք, որտեղ լրագրողների ներկայությունը սահմանափակ էր։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»:


Ընդդիմադիրների շրջանում մտավախություններ կան նաև, որ տեղի ունեցածը կարող է օգտագործվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամների նկատմամբ հետագա քայլեր ձեռնարկելու համար։ Նրանք հիշեցնում են ավագանու անդամ Սոնա Աղեկյանի մանդատից զրկվելու նախադեպը՝ նշելով, որ թիրախում են հատկապես իշխանություններին ակտիվորեն քննադատող և քաղաքային խնդիրները պարբերաբար բարձրաձայնող ավագանու անդամները։


Հատկանշական է, որ սա ավագանու 6-րդ նստաշրջանի վերջին նիստն էր։ Այդ հանգամանքը նոր մտահոգությունների տեղիք է տվել ընդդիմության շրջանում։ Մասնավորապես, շրջանառվում են տեսակետներ, թե իշխող ուժը կարող է արտահերթ նիստ հրավիրել և կարգապահական կամ այլ մեխանիզմներով փորձել մանդատներից զրկել «Մայր Հայաստան» խմբակցության առանձին անդամների կամ նույնիսկ ամբողջ խմբակցությանը։ Այդ դեպքում սեպտեմբերին մեկնարկող նստաշրջանը կարող է անցնել առանց ավագանու հիմնական ընդդիմադիր ուժի լիարժեք մասնակցության։


Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, արդյոք մինչև սեպտեմբեր նախատեսվում է արտահերթ նիստ հրավիրել և քննարկել «Մայր Հայաստան» խմբակցության անդամների մանդատների հարցը։

ArmLur.am-ի այս հարցին ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշել է.


«Եթե ավագանու բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ լինի կիրառել իրավական և քաղաքական գործիքակազմ, ապա այն կկիրառվի, ինչպես եղել է նախորդ դեպքերում։ Այս պահին նման որոշում չունենք»։


Գալջյանի խոսքով՝ իրավիճակը հրահրել են ընդդիմադիրները, որոնք չեն գրանցվել ելույթների համար, սակայն իրենց տեղերից խանգարել են ելույթներին և դրսևորել ոչ քաղաքակիրթ վարքագիծ։


Մենք նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք քաղաքապետարանը պատրաստվում է ծառայողական քննություն նշանակել։ Ի պատասխան՝ Գալջյանը նշել է, որ այդ մասին տեղեկություն չունի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250