Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրթիռային արտադրամաս է ոչնչացվել
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Բեյրութի շրջանում արդեն ոչնչացրել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հրթիռների արտադրության և զենքի պահեստների մեծ մասը։
Ըստ բանակի մամուլի ծառայության՝ այդ օբյեկտները կենտրոնացված են եղել Բեյրութի արվարձանում։ Ըստ իսրայելական կողմի՝ շիական կազմակերպությունը նրանց դիտավորյալ տեղավորել է խաղաղ տարածքներում՝ քաղաքացիական շենքերի տակ։
Ըստ զինվորականների՝ այս ենթակառուցվածքը կառուցվել է «վերջին 20 տարիների ընթացքում» և թույլ է տվել «հարյուրավոր հրթիռների և արկերի արտադրություն և պահպանում, որոնք նախատեսված են Իսրայել պետությանը զգալի վնաս պատճառելու համար»։
Հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելական ռազմական հետախուզությունը տարիներ շարունակ տեղեկություններ է հավաքել «Հեզբոլլահ»-ի այս կայանքների գտնվելու վայրի վերաբերյալ, և այժմ մի քանի շաբաթվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք օդային հարվածների արդյունքում ոչնչացրել են ցանցի մեծ մասը: