Հասարակություն

Արտակարգ դրություն Ամստերդամում. ձերբակալվել են տասնյակ պաղեստինամետ ցուցարարներ

Gohar Vardanyan 303 դիտում
Արտակարգ դրություն Ամստերդամում.  ձերբակալվել են տասնյակ պաղեստինամետ ցուցարարներ

Ոստիկանության աշխատակիցները Ամստերդամի կենտրոնում ձերբակալել են մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր մասնակցել են ի պաշտպանություն Պաղեստինի կազմակերպված չարտոնված ցույցին, գրում է Algemeen Dagblad թերթը՝ հղում անելով իրավապահների տեղեկատվությանը։ Քաղաքում մինչև հինգշաբթի՝ նոյեմբերի 14-ի առավոտյան, հայտարարված է արտակարգ դրություն, հետևաբար այս ընթացքում արգելվում է ցանկացած հանրահավաք անցկացնել։


Պարբերականի տվյալներով՝ շուրջ հարյուր մարդ եկել է Ամստերդամի Դամ հրապարակ՝ չնայած ոստիկանության արգելքին։ Մի քանի նախազգուշացումներից հետո իրավապահները սկսել են ցուցարարներին դուրս անել հրապարակից։ Բերման ենթարկված ցուցարարներին տարել են ավտոբուսներով։ Ըստ Algemeen Dagblad-ի թղթակցի՝ հրապարակում մթնոլորտը «շատ լարված տեսք չի ունեցել, այլ՝ բարյացակամ»։


Ամստերդամում նոյեմբերի 8-ին «Այաքս»-«Մաքքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային հանդիպման ավարտից հետո հարձակման են ենթարկվել իսրայելական ակումբի երկրպագուները։ Հարձակվողները զինված են եղել սառը զենքերով, նրանցից ոմանք կրել են պաղեստինյան դրոշներ և բղավել պաղեստինամետ կարգախոսներ։ Իսրայելի ԱԳՆ-ի տվյալներով՝ վիրավորվել է առնվազն տասը իսրայելցի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից