Չարենցավանի բաժնում քաղաքացուն խոշտանգելով ինքնասպանության հասցնելու գործը կսկսվի 0-ից. ԶԼՄ

Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում մեղքը չընդունող քաղաքացուն խոշտանգելու և ինքնասպանության հասցնելու գործով 10 տարի անց նոր քննություն կիրականացվի, այս անգամ՝ Հակակոռուպցիոն դատարանում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն:


Նշվում է, որ խոսքը 2010թ․ ապրիլի 10-ին գողության մեջ կասկածվող Վահան Խալաֆյանի նկատմամբ ոստիկանական բաժանմունքում բռնություն գործադրելու մասին է, որով ՄԻԵԴ-ը 2022թ․ վճիռ էր կայացրել։ Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ Ոստիկանության Չարենցավանի բաժնի հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, 2010թ․ ապրիլի 10-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության բաժնի աշխատակիցներին հանձնարարել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին, որից հետո, չպարզելով բերման ենթարկվածի առաղջական վիճակը` այն, որ Վահան Խալաֆյանը տառապում է սուր փսիխոզով, զառանցանքային համախտանիշով և ունի ինքնավնասումներ կատարելու հակում, իր աշխատասենյակում Խալաֆյանի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքով ստիպել է ընդունել գողություն կատարելու մեջ նրա մասնակցությունը:


Վահան Խալաֆյանը չի ընդունել հանցանք կատարելու հանգամանքը, որի պատճառով Աշոտ Հարությունյանը վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Վահան Խալաֆյանի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, նույն օրը` ժամը 17-ի սահմաններում Աշոտ Հարությունյանը ՀՀ ոստիկանության բաժնի՝ պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում, նույն նպատակով, քրեական հետախուզության բաժանմունքի մի խումբ աշխատակիցների ներկայությամբ շարունակել է Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ կրկին ծեծի ենթարկել, իսկ գողության կատարմանը մասնակից լինելու փաստը չընդունելու դեպքում սպառնացել է ազատազրկման վայրում նրա վերաբերյալ անպատվաբեր լուրեր տարածել: Վերը նշված բռնությունների ժամանակ Աշոտ Հարությունյանը Վահան Խալաֆյանին պատճառել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այն է` քերծվածքներ քթի հիմքի շրջանում, աջ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսին, աջ ծնկափոսային շրջանում, աջ սրունք-թաթային հոդի շրջանի ներսային մակերեսին, ձախ սրունքի վերին երրորդի առաջադրսային մակերեսին, ձախ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսին` շուրջը արյունազեղմամբ, արյունազեղումներ` գլխի մաշկի տակ գագաթային շրջանում, վերին շրթունքի լորձաթաղանթի տակ` բերանի ձախ անկյան շրջանում, ձախից ստորկզակային շրջանում։ Նշված գործողությունների հետևանքով Վահան Խալաֆյանը, գտնվելով հոգեկան խիստ լարված վիճակում, նույն աշխատասենյակի պահարանից վերցրել է խոհանոցային դանակը և որովայնի շրջանում իրեն վնասվածքներ հասցնելով` ինքնասպան եղել:


Այսպիսով, Աշոտ Հարությունյանը մեղադրվում է բռնության զուգորդմամբ անցել է իր պաշտոնեական լիազորությունների շրջանակը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Գործով անցնող մյուս երեք մեղադրյալները՝ նույն բաժնի օպերլիազորներ Մորես Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանն են, որոնք մեղադրվում են Աշոտ Հարությունյանի գործողությունները չկանխելու համար։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: