Իշխանությունը պայթեցնելու խնդիր է գնում․ Անդրանիկ Քոչարյան

Մեր ժողովրդի էլիտաները հայտնի են մեկը մյուսի դեմ դավեր նյութելով, նույն Գրողների միությունում է եղել ժամանակին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


«Հիմա ես հասկանում եմ՝ իշխանության կռիվ է գնում, իշխանությունը պայթեցնելու խնդիր է գնում: Բայց իմ խնդիրն է այդ պայթեցումները կանխելը: Եթե կա հեռահար նպատակ քաղաքական համակարգը պայթեցնելու, դա պետք է կանխել»,- րատվամիջոցի հետ զրույցում ասել է նա։


Դիտարկմանը, որ հայտնի քննիչ հանձնաժողովների նախագահ լինելով իր ունեցած ինֆորմացիան կարող է վտանգավոր լինել իշխանության համար, Քոչարյանը պատասխանել է. «Ես իշխանության կրող եմ, ո՞նց կարող եմ ես վտանգավոր լինել մեր իշխանության համար: Այն, ինչ ես իրականացրել եմ, դրանք պետության համար ծրագրեր են»:


Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ՔՊ-ի փակ հանդիպումից ինքը հասկացել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անիմաստ թիրախավորումն ընդունելի չէ:


«Եթե կան մարդիկ, որ ուզում են պայթեցնել քաղաքական համակարգը, նրանք էլ պետք է իմանան, որ որեւէ հաջողություն արձանագրելու շանս չեն ունենալու»,-ասել է նա:


Ճշտող հարցին՝ մտավախություն ունի, որ ներսից ցանկություն կա պայթեցնելո՞ւ քաղաքական համակարգը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է. «Ոչ, դրսից ներսում խնդիրներ առաջացնելու: Ներսում էլ կարող է գայթակղվեն, բայց դա երկրորդական է: Ակնհայտ է ընդդիմության նպատակը: Աղվան Վարդանյանը խոսում է մահապարտների մասին: Ինչի՞ համար են պետք մահապարտները՝ ֆիզիկական պայթեցման, թե՞ գաղափարական»:

Պատահարներ