ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայից ռուսական բանակին օգնած ամերիկացին Ռուսաստանում է

ՌԴ զինվորականները Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքից՝ Բոգոյավլենկա գյուղի մոտակայքում, դուրս են բերել ամերիկացի Դենիել Մարտինդեյլին, որն օգնել է ռուսական բանակին։


Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Ամերիկացին Ուկրաինայի տարածքում էր 2022 թվականի փետրվարի 11-ից։ Նա սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ռուսական ուժային կառույցների հետ և երկու տարի շարունակ փոխանցել ուկրաինական ռազմական օբյեկտների կոորդինատները։ Այժմ ամերիկացին գտնվում է Մոսկվայում և առաջին մամուլի ասուլիսն է տվել:


«Իմ անունը Դանիել Մարտինդեյլ է։ Ահա իմ անձնագիրը, որն ինձ հետ պատերազմ է անցել, տեսնում եք՝ ինչ վիճակում է», — ասել է նա։ Մարտինդեյլն ընդգծել է, որ Մոսկվայում է գտնվում սեփական կամքով։ «Ես առողջ եմ, և այն ամենը, ինչ անում եմ, կամավոր եմ անում: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ հետ քննարկելու այն հարցերը, որոնք դրված են մեր այսօրվա միջոցառման թեմայում», — հավելել է նա։


Ամերիկացին պատմել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին Ուկրաինա է գնացել Լեհաստանից, իսկ ամերիկյան անձնագիրն իրեն թույլ է տվել շրջել ամբողջ Ուկրաինայով: Նա Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Ռուսաստանին զսպելու և հավասար մրցակցություն թույլ չտալու ամերիկյան փորձ։ Մարտինդեյլը հավելել է` ուկրաինացի զինվորներին ուղարկում են մահվան, նրանց կորուստները հսկայական են։


Մարտինդեյլը հայտարարել է, որ կցանկանար մնալ Ռուսաստանում։ «Ուզո՞ւմ եմ վերադառնալ ԱՄՆ։ Ո՛չ։ Հաստատ եմ ասում: 2005 թվականից ի վեր ես ԱՄՆ կառավարությանը համարում եմ իմ թշնամին։ Նրանք են 2001 թվականի ահաբեկչությունների պատասխանատուն», - ասել է նա։


Մարտինդեյլը նշել է, որ վերջին երկու տարիներին ամեն ինչ արել է ՌԴ զինվորների կյանքը պահպանելու և Ուկրաինայում ռուսների ապագան ապահովելու համար:


Պատահարներ