Կրակի վրա յուղ լցնելը ոչ մի օգուտ չի բերի. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի հայտարարությունը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հորդորել են Իսրայելին և Իրանին վերջ տալ միմյանց դեմ հարձակումների շրջանին՝ Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարվածներից հետո, գրում է voanews.com-ը:
«Բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն։ Բռնության այս սրացող շրջանում կրակի վրա ավելի շատ յուղ լցնելը ոչ մի օգուտ չի կարող բերել»,- ասել է Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդը:
Իրանի արտաքին գործերի նախարարը խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել շաբաթ օրն Իսրայելի օդային հարվածներից հետո: Այդ հարվածները հասցվել են ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ շուրջ 200 բալիստիկ հրթիռ արձակմանը:
«Այժմ Արևմտյան Երուսաղեմը փորձում է Իրանին ներքաշել առճակատման մեջ. Իրանն այս պայմաններում աննախադեպ զսպվածություն է ցուցաբերում... Մեր կարծիքով, Իսրայելի կողմից նման ագրեսիվ գործողություններն ուղղված են պատերազմի կրակի հետագա բորբոքմանը, անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ասել է Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան:
Իսրայելի ներկայացուցիչն Անվտանգության խորհրդին ասել է, որ Իսրայելի պատասխանը «չափված և համաչափ» էր, բայց նախազգուշացրել է կոշտ հետևանքների մասին, եթե Թեհրանը կրկին սադրի Իսրայելին:
«Դիմում եմ Իրանի առաջնորդներին՝ սա ընդունեք որպես նախազգուշացում. Իսրայելը զսպվածություն է ցուցաբերել։ Բայց ցանկացած հետագա ագրեսիա կունենա արագ և վճռական հետևանքներ»,- ասել է Դենի Դանոնը:
Իրանի ներկայացուցիչը մեղադրել է Իսրայելին միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար և ասել է, որ Վաշինգտոնի աջակցությունը նրան քաջալերել է հարձակվել իր հարևանների վրա:
«Ցավոք, Միացյալ Նահանգների կողմից Իսրայելին ցուցաբերվող անսասան և անվերապահ աջակցությունը, զուգորդված նրա՝ Անվտանգության խորհրդի՝ որպես մշտական անդամի մանդատի խոչընդոտման հետ, քաջալերել է Իսրայելին շարունակել իր հանցագործություններն ու ագրեսիան Գազայում և Լիբանանում, իսկ այժմ՝ Իրանի դեմ՝ լրջորեն խաթարելով տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասել է Ամիր Սաիդ Իրավանին:
Նա Անվտանգության խորհրդին կոչ է արել արձագանքել «հստակ քայլերով» և դատապարտել Իսրայելի գործողությունները։
ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդն ասել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում հետագա էսկալացիա, և ուղերձներ է փոխանցել երկու կողմերին:
«Այսօր Իսրայելին Միացյալ Նահանգների ուղերձը մնում է հստակ. մենք միշտ կօգնենք պաշտպանել նրա ժողովրդին և տարածքը Իրանից և ահաբեկչական պրոքսիներից: Մեր ուղերձն Իրանին նույնպես մնում է հստակ. եթե նա որոշի հետագայում ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Իսրայելի կամ տարածաշրջանում ԱՄՆ անձնակազմի դեմ, կլինեն ծանր հետևանքներ։ Մենք չենք վարանելու գործել ինքնապաշտպանության համար», - ասել է նա։