«Իսրայելը փորձում է փախչել ռազմի դաշտից». Իրանն Իսրայելի հարվածը վախի դրսևորում է որակել
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ հարձակումը պատճառաբանելով շարունակական հարձակումների պատասխանով, սակայն իրանական իշխանությունները կարծում են, որ Իսրայելի գործողությունները թելադրված են վախով, այլ ոչ թե ուժ ցույց տալու ձգտումով: Այդ մասին հայտարարել է Իրանի քաղաքական նպատակահարմարության որոշման հարցերով խորհրդի քարտուղար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզային:
Գեներալ Մոհսեն Ռեզային կարծիք է հայտնել, որ վերջերս Իսրայելի հարվածն Իրանին թելադրված էր ավելի շատ վախով, քան ուժի ցուցադրմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա X սոցիալական ցանցում նշել է, որ Իսրայելը փորձում է փախչել ռազմի դաշտից, այլ ոչ թե ցույց տալ ուժը:
Չնայած Իսրայելի հարվածներին՝ իրավիճակը Թեհրանում և Իրանի այլ խոշոր քաղաքներում հանգիստ է մնում, ինչպես հաղորդում է Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը: Իրանական լրատվամիջոցները նշում են, որ երկրի բնակիչները չեն զգացել հարձակումների հետևանքները, իսկ սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները չեն տուժել:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվել են ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»: Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում ռազմական օբյեկտները հարձակման են ենթարկվել, սակայն վնասը սահմանափակ է եղել։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել հիմնական հարվածը։
Այս իրադարձությունները էսկալացիայի շարունակությունն էին, որը սկսվել էր հոկտեմբերի 1-ին, երբ Իրանը հրթիռային հարված հասցրեց Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ, «Հեզբոլլահ» և ԻՀՊԿ ղեկավարություններում առանցքային դեմքերի սպանություններին: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ավելի վաղ զգուշացրել էր, որ պատասխան հարվածներն էլ ավելի մասշտաբային կլինեն, եթե Իսրայելը շարունակի գրոհել:
Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելն օգտագործել է ավելի քան 100 կործանիչ, այդ թվում՝ F-35, սակայն Իրանի միջուկային և ռազմավարական օբյեկտները հարվածների թիրախ չեն եղել: