Դատախազությունը մերժել է Սպիտակցի Հայկոյի որդու պաշտպանների միջնորդությունը

ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նրա պաշտպանների միջնորդությունը, հայտնել է «Ժողովուրդ»-ը։ Նա շարունակում է իշխանության յուրացման գործով անցնել մեղադրյալի կարգավիճակով։


Սեպտեմբերի 23-ին Ղևոնդյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մայիսի 22-ին հայտնել էր Ղևոնդյանի ձերբակալության մասին։ Ղևոնդյանը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել մայիսի 23-ին։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր ձայնագրություն, որտեղ, ըստ ՔԿ-ի, Ղևոնդյանը խոսում էր «կառավարության, Ազգային ժողովի, ՆԳՆ ոստիկանության շենքերը գրավելու» մտադրության մասին։


ՔԿ-ից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 15 տարի ժամկետով):