Նոր մանրամասներ՝ Լյուբով Ուսպենսկայայի դստեր անհետացումից
Նոր մանրամասներ կան ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դստեր հետ կապված։ Երգչուհու 34-ամյա դուստրը՝ Տատյանա Պլակսինան, արդեն երրորդ օրն է, ինչ կապի դուրս չի գալիս։
Երգչուհին փորձում է գտնել նրան փաստաբանների և իրավապահների օգնությամբ, հետքերը տանում են արտերկիր։ Մասնավորապես, «Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ աղջիկը գտնվում է Իսրայելում, և նրա հետ ամեն ինչ կարգին է։
70-ամյա երգչուհին Բաքվում հյուրախաղերից վերադառնալուց հետո տեսել է, որ աղջկա հեռախոսն ու անձնական իրերը տանն են, իսկ տան աշխատողներից ոչ մեկը չգիտի` ուր է նա։ Տատյանայի որոնումներին անմիջապես միացել է երգչուհու փաստաբանն ու ընկերուհին՝ Ելենա Սենինան։
«Բազա»-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Տատյանային տեղափոխել են այլ երկիր, պահում են թմրանյութի ազդեցոթյան տակ և ստիպել հարցազրույց տալ, որը դեռ չի հրապարակվել, բայց դրանում աղջիկը վարկաբեկում է մորը և նրա ռուսամետ դիրքորոշումը:
Սենինան ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը. մինչ Ուսպենսկայան հյուրախաղերի էր, Ուկրաինայից սադրիչները կապ են հաստատել Տատյանայի հետ, որը թմրանյութերից կախվածություն ունի: Նրան «նստեցրել» են թմրանյութերի վրա, ուրիշ երկրի տոմս են գնել ու տարել։ Փաստաբանի խոսքով՝ Տատյանայի գտնվելու վայրը հայտնի է։ Նրա անհետացման փաստով դիմում է ներկայացվել ԱԴԾ։
Ուսպենսկայան նաև օգնություն է խնդրել հասարակական գործիչ Վիտալի Բորոդինից, որը կատարվածի երկու վարկած է հայտնել։
«Առաջինը՝ աղջկան կարող էին առևանգել։ Եվ երկրորդը` ընտանիքի մի բարեկամուհի կա, որը մութ գործերով է զբաղվում, որոնց մասին ես հետո կխոսեմ: Մենք հիմա գործողությունների ալգորիթմ ենք մշակում»,-ասել է Բորոդինը։
Տատյանան Ուսպենսկայայի դուստրն է չորրորդ ամուսնությունից՝ գործարար Ալեքսանդր Պլակսինի հետ։ Աղջիկը նույնպես երգչուհի է և հաճախ ելույթ է ունենում մոր հետ։ Նա թմրանյութերի հետ խնդիրներ է ունեցել, սակայն բուժման մի քանի փուլ է անցել և վերջին տարիներին արգելված միջոցներ չի օգտագործել: Թմրամոլության հողի վրա խնդիրներ է ունեցել իր աստղային մայրիկի հետ, սակայն ավելի ուշ նրանց հաջողվել է հաշտվել։ Տատյանան երկար տարիներ ապրում էր հոր մոտ՝ ԱՄՆ-ում։