Մանրամասներ՝ քրեական հեղինակության ԲԿ-ից փախուստի դեպքից․ MediaHub

Հայտնել էինք, որ քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կոկոն»՝ 34-ամյա Կոնստանտին Հունանյանը, փախուստի է դիմել բժշկական կենտրոնից, ուր նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկից:


«Կոկո» մականունը կրող Կոնստանտինը ազատազրկված է սպանության համար: Մասնավորապես, նա ազատազրկվել է 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով։


MediaHub-ին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այս դեպքից: Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ Հունանյանը տևական ժամանակ կրել է ազատազրկումն ԱԱԾ մեկուսարանում, որից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկներից մեկը, սակայն այնտեղից նրան նորից վերադարձրել են մեկուսարան: Պատճառը կապում են մականունավոր դատապարտյալի անվտանգությանը սպառնալիքի հետ:


Երկու շաբաթ առաջ նա տեղափոխվել է «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ իբրև թե առողջական խնդիրներով, որտեղից էլ երկու օր առաջ փախուստի է դիմել: Ասացին՝ նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ հանցագործին հաջողվել է ճողոպրել և ազատության մեջ հայտնվել:


Լրատվամիջոցը դիմել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին ճշտելու մեր ունեցած տեղեկությունների իսկությունը: Վերջինս արձագանքեց. «Այս պահին ընթանում են որոնողական գործողություններ։ Այլ տեղեկությունների տրամադրումը նպատակահարմար չէ»։


ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից էլ հետաքրքրվել են, թե ո՞ր ՔԿՀ-ից է տեղափոխվել Կոնստանտին Հունանյանը բժշկական կենտրոն և որքա՞ն ժամանակ է եղել բժիշկների հսկողության տակ մինչ փախուստի դիմելը: ՊՈԱԿ-ից ուղորդեցին դիմել առողջապահության նախարարություն, որտեղից էլ ասացին՝ գրավոր դիմել:


Ոստիկանությունից էլ լրատվամիջոցին փոխանցեցին՝ հանցագործը դեռ չի հայտնաբերվել, որոնումները շարունակվում են:


Ի դեպ, լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Կոկո»-ին փնտրում են ոչ միայն ուժայինները, այլև քրեական աշխարհի ներկայացուցիչները:


Նշենք նաև, որ մինչ «Կյաժ Աշոտ»-ի սպանությունը Կոնստանտին Հունանյանը՝ «Կոկոն» դատապարտված է եղել ավազակային հարձակում կատարելու համար և ազատ է արձակվել համաներմամբ:

Քաղաքականություն